2022-2023 Ուսումնական տարի, Ուսումնական նախագծեր, Բառուսուցում 2023

Բառուսուցում

1-ին շաբաթ

  •  Ծանոթանում ենք «Սար»  տառախմբի հետ, ուսումնական նյութ «Ամպն ու սարը» բանաստեղծություն

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Հ.Թումանյան

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

2-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Տուն»  տառախմբի հետ, ուսումնական նյութ «Էս էն տունն է․․․» բանաստեղծություն

ԷՍ ԷՆ Է
(հատված)

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Մուկ, կատու»  տառախմբերի հետ, ուսումնական նյութ «Մուկն ու կատուն» բանաստեղծություն, «Կատուն, որը մուկ էր ուտում» հեքիաթ

Մուկն ու կատուն

Մկնիկ, մկնիկ,
Շեկիկ-մեկիկ,
Կատո՜ւն, կատո՜ւն,
Տուտիկ կանի,
Ուտիկ կանի,
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Տուտիկ կանի,
Ուտիկ կանի,
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Կատուն, որը մուկ էր ուտում

Ջաննի Ռոդարի

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:

-Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք,- ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:

-Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես,- հառաչեցին նրանք:

-Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:

-Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:

-Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:

-Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:

-Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան… Իսկ այ, շուն դուք երբևիցե կերե՞լ եք:

-Ի՞նչ ես ասում…

-Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:

-Իսկ շու՞նն ինչ համ ունի:

-Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել:

-Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:

-Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:

Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով:

Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:

-Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:

-Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…

-Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:

-Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:

-Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:

Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:
Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

4-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Լուսին, աստղ»  տառախմբերի հետ, ուսումնական նյութ «Սիրուն լուսին, սարի ուսին» շուտասելուկ, «Լուսին» մուլտֆիլմ, «Պահմտոցի» հեքիաթ, «Լուսին» բանաստեղծություն

Լուսին

Աթաբեկ Խնկոյան

Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։
Լույս ես տալիս գիշերով
Քո վառվռուն թշերով։

Պահմտոցի 

Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, և շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևից որտե՞ղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչեւ տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ ամպի ետևը եւ հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ֊մութ է։

5-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Տոն, մայրիկ, մարտի 8»  տառախմբերի հետ, նախատեսվող ուսումնական նյութը տեղնոլոգիական աշխատանք՝ նվիրված մայրիկատոնին։ Պատրաստում ենք նաև էկո պայուսակներ մայրիկների անուններով։

6-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «ձու, զատիկ»  տառախմբերի հետ, ուսումնական նյութերը «Զատիկածեսի» ընթացքում։

7-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Բադ, սագ, փետուր»  տառախմբերի հետ, ուսումնական նյութը Ղ․ Աղայան «Սագը»

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,

Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,

Որ դու ուտես , շուտ մեծանաս,

ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,

Ես կխնդրեմ իմ մայրիկին,

Որ նա ժողվե քո փետուրներ

Եվ ինձ համար շինե բարձեր:

8-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Հավ,ճուտ»  տառախմբերի հետ,  ուսումնական նյութ «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթ

ԵՐԿԻՆՔԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ:
Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:
– Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:
– Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
– Վա~յ, Բադիկ-Տատիկ,- կանչում է Հավիկ-Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ-Խաթունը:
Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:
– Վա~յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:
– Բադիկ-Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Հավիկ-Մարիկն է ասում:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ–Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու-Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:
– Աղա-Աղվես, Աղա-Աղվես,- կանչում է Հնդու-Թնդուն,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
– Սագիկ-Խաթունն է ասում:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:
– Բադիկ–Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ- Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ  որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
– Էդ ի՞նչ եք ասում,- ասում է Աղա-Աղվեսը,– եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը  ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում ենԱղա –Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:
Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ  դուրս չեն եկել:

9-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Ես, ընտանիք»  տառախմբերի հետ, նախատեսվող ուսումնական նյութը «Իմ ընտանիքը» տեսապատումների շարք

10-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Պապն ու շաղգամը»  տառախմբերի հետ, ուսումնական նյութ՝

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց:

Պապը կանչեց

Տատիկին.

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Տատը կանչեց

Թոռնիկին,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Շունը կանչեց

Փիսոյին. 

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց

Մկնիկին.

Մուկը` փիսոյից,

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Հանեցի՜ն:

11-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք Ծանոթանում ենք «Օրացույց, ժամացույց»  տառախմբերի հետ, ուսումնական նյութ «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթ

ՄՈՌԱՑՎԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կար չկար՝ աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր Ուիփսնեյդյան կենդանաբանական այգում իր կնոջ ու ձագի հետ, որի անունը Յալմար էր։

Փիղ֊հայրիկը շատ մեծ էր։ Փիղ֊մայրիկն էլ էր մեծ։ Եվ նույնիսկ Յալմարին ոչ ոք չէր կարող ասել, թե փոքր է։ Փղերը փոքրիկ չեն լինում։ Մի գեղեցիկ օր էլ Փիղ֊մայրիկը եւ Փիղ֊ձագուկը տեսան, որ Փիղ֊հայրիկը կանգնած է գլխի վրա։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Փիղ֊մայրիկը։

— Ուզում եմ մի բան հիշել,— պատասխանեց Փիղ֊հայրիկը։

— Ի՞նչ ես ուզում հիշել։

— Եթե իմանայի,— պատասխանեց Փիղ֊հայրիկը, այսպես չէի տանջվի։ Ճի՞շտ է, թանկագինս։

— Յալմար,— ասաց Փիղ֊մայրիկը։— Շուտ վազիր ու գտիր այն, ինչ մոռացել է հայրիկը։

Ու Յալմարը վազեց նախ ճանապարհով, հետո բարձրացավ բամբուկների պուրակի մոտի բլրակը ու նստեց մի քիչ շունչ առնելու և նայելու համար, թե ինչպես են ամպերը երկնքում բռնոցի խաղում։

Հանկարծ նրա ականջով ընկավ ինչ֊որ մեկի լացի ձայնը։ Լալիս էին շատ մոտիկ մի տեղ, թեև Յալմարը չէր տեսնում, թե ով է։

Ուստի նա ասաց․

— Մի լա… Ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։

Լացը դադարեց։

— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։

— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։

— Վա՛յ,— ասաց Յալմարը։— Ա՜յ քեզ բան։ Իսկ տոնական տորթ ունե՞ս։

— Իհարկե։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց հատ մոմ կա։ Ուրեմն, այսօր լրանում է ինչ֊որ մեկի վեց տարին։

«Ինչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը։— Շատ լավ է։ Գրեթե այնքան լավ, որքան՝ յոթը։ Հինգ տարին էլ վատ չէ, այսինքն՝ չորսն էլ՝ ոչինչ։ Բայց եթե ութ տարեկան ես… երբ ութ տարեկան ես, ուրեմն, արդեն կիսով չափ մեծահասակ ես։ Բայց ամենից լավն այն է, երբ վեց տարեկան ես»։

— Ափսո՜ս, շա՛տ ափսոս,— ասաց նա։— Բայց քեզ օգնել չեմ կարող։ Ես ուղղակի չգիտեմ, թե ով է մոռացել իր ծննդյան օրը։

Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, Փիղ֊հայրիկը արդեն ոչ թե գլխի վրա էր կանգնած, այլ սեղանի մոտ նստած՝ ճաշում էր։

— Հիշեցի,— ասաց Փիղ֊հայրիկը։— Ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր լինելու, կամ վաղը, կամ այսօր։ Այդպես էլ գիտեի։

— Ի՞նչը այսօր,— հարցրեց Յալմարը։

— Որ այսօր քո ծննդյան օրն է,— ասաց Փիղ֊մայրիկը, մտնելով սենյակ։— Այսօր լրացավ քո վեց տարին։

Յալմարը շատ հուզվեց ու ետ վազեց դեպի բամբուկների պուրակի մոտ գտնվող բլրակը։

— Լսիր,— գոչեց նա։— Պարզվում է, որ դու Ի Մ ծննդյան օրն ես։ Այսօր լրանում է իմ վեց տարին։

— Ուռա՜,— գոչեց մոռացված ծննդյան օրը։— Ուռա՜, ուռա՜, ուռա՜։

Երեկոյան թեյելիս, Յալմարը մի տոնական տորթ ստացավ՝ վրան էլ վեց մոմ։ Նա կնճիթը ձգեց ու միանգամից փչեց֊մարեց բոլոր մոմերը։

«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— Շատ լավ է, երբ վեց տարեկան ես»։

12-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Ծառ, ծաղիկ, խոտ»  տառախմբերի հետ, նախատեսվող ուսումնական նյութը՝ անհատական թաղարների պատրաստում

13-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Չիր, չամիչ» տառախմբի հետ, նախատեսվող տեխնոլոգիական աշխատանքը այլընտրանքային բառուսուցում չրերով և չամիչներով։

14-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Կոնֆետ» տառախմբի հետ, ուսումնական նյութ «Կոնֆետի անձրև» հեքիաթ

ԿՈՆՖԵՏԻ ԱՆՁՐևԸ

Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։

-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։

Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։

15-րդ շաբաթ

  • Ծանոթանում ենք «Արև, բարև »  տառախմբերի հետ, ուսումնական նյութ «Իրիկուն» բանաստեղծություն

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

16-րդ շաբաթ

Իմ անունը․․․

Leave a comment